Ձմեռային ազգագրական փառատոն 2023

Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոց պարտեզի 5-6 տարեկաններ, ցանկության դեպքում՝ ծնողներ և այլք

Անցկացման վայրը՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկանների խմբասենյակ

Նպատակը՝ ազգային մշակույթի սերմանում, տարածում

Ուղղությունները՝ Հասմիկ Մաթևոսյանի բլոգից

Խնդիրներ

  • Ուսումնական նյութերի ուսումնասիրում, հավաքագրում, կիրառում
  • Մասնակցություն փառատոնին
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցին համապատասխան ՝ երկարաժամկետ հեղինակային ուսումնական նախագծերի իրականացում
  • հետաքրքիր տեսանյութերի ստեղծում, լուսաբանում

Անելիքները՝ Չարխափանների պատրաստում, ընկուզախաղեր, ազգային ծիսական խաղեր, պարուսուցում, երգուսուցում, ծիսական ատրիբուտի պատրաստում, այլ:

Ազգային խաղերի նկարագրություն

Սեղանին կամ գետնին իրար զուգահեռ երկու շարքով շարվում են
ընկույզներ: Խաղացողը, մի շարքի ընկույզները միջնամատի և բութ մատի
միջոցով կտտացնելով, պետք է նշանառությամբ շարքից դուրս հանի
մյուս շարքի ընկույզները:

Խաղացողների ձեռքին մեկական Չարխափան է: Պետք է խափանեն, քշեն
ամեն տեսակ վատը, չարը, անցանկալին, խանգարողը: Մաքրում,
քշում, հեռացնում են չար, անցանկալի երևույթները: Ընթացքն իրականացվում է հետաքրքիր, անսպասելի հարցերի և երկխոսության օգնությամբ:

Ընկույզը մատների շրջանաձև շարժումով պտտել: Կարելի է
կազմակերպել մրցույթ՝ ում ընկույզն է երկար պտտվում: Եթե սաները
դժվարանում են այն կատարել մատներով, կարող են ընկույզը պտտել՝
երկու ձեռքերի ափերի մեջ առնելով այն ու ափերն իրար հակառակ
ուղղությամբ շարժելով:

Ճոպան ճոպան

Մի խումբ սաներ բռնում են մեկ-մեկի ձեռքից և երկար ճոպանի նման ձգվում։ Կռնաբռնուկ արած երեխաների 2 ծայրերից բռնում են խաղացողներից ամենից ուժեղները, որոնք պարագլուխ են կոչվում։ Պարագլուխները նշան են անում և սկսում խմբովին երգել՝

Ճոպան, ճոպան,
Կաշվի ճոպան,
Իշի ճոպան,
Գոմշի ճոպան,
Ձիգ տու, քաշի,
Էլ մի աշի,
Որտեղ մաշի,
Էնտեղ` ճըրթ:

Այս ասելով՝ ձիգ են տալիս պարանի 2 ծայրից պարագլուխներն իրենց ընկերներով։ Եթե խաղացողները ուժեղ և դիմացկուն երեխաներ են լինում, ոչ մի հնար չի լինում իրարից կտրվելու և խաղերգը կրկնվում է մի քանի անգամ, իսկ եթե որևէ կողմը ավելի ուժեղ է լինում մյուսից, ձիգ է տալիս ճոպանը, որտեղ թողնվում է՝ այնտեղ ճըրթ, կտրվում է։ Կտրող կողմում լինում են ավելի շատ երեխաներ։ Կտրելուց հետո հաղթողները շրջան են կազմում և մնացածին շրջանի մեջ անելով ՝ երգում են ու ծափ տալիս։

Հարոցի-խնոցի

 Խաղում են զույգերով: Նստած կամ կանգնած դիրքով զույգերը դեմքով իրար են նայում: Մի խաղացողի երկու ձեռքերի մատները հագցրած են դիմացինի մատներին` ափը ափին կպած:
-Խնոցի-հարոցի, կարագը` ձեզ, թանը` մեզ:

կամ`
-Հարի-հարի խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:
Տեքստը ռիթմիկ արտասանելով, առաջին երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ երկրորդ երեխան թեքվում է ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին: Ապա երկրորդ երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ առաջին երեխան ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին:

Այլ՝

Ազգային խաղեր

Оставьте комментарий