Մեր կարմիր եզը։ Հակոբ Մնձուրի

Գյուղացու արդար, հոգսաշատ, բայց անասելի քաղցր, համ ու հոտով պատմություն հայ ընտանիքի նիստ ու կացի, իրար հանդեպ սիրո, միասնականության, մեծի խոսքն արժևորելու, աշխատանքից չխուսափելու, գյուղացու քրտնաջան աշխատանքն ու կենդանուն, անասունին կարևորելու մասին: Ընդամենը մի տողով հեղինակը կարողացել է նկարագրել հայկական արդուզարդի շքեղությունը. ,,Հարսները քրդական գոտիով ու քունքե քունք պղնձե կարմիր դրամներ շարած ճակատներով, մորս հագած Շամու գինեգույն էնթերին ու կապույտ չուխա սալթան շոշափեցին, «ղըզ, նե կյուզել տըր» ըսին ու հիացան,, :

Հասկանում ես՝ որքան սար ու ձոր են հաղթահարել ձմեռվա համար փայտ գտնելու, արոտավայր հասնելու համար: Բայց որքա՜ն լուսավոր, որքա՜ն պատկերավոր է նկարագրում էդ սար ու ձորի գեղեցկությունն ու ուժը, կարմիր եզը: Ուզում ես վեր կենալ-գնալ վայելելու շռայլությունը, քանի դեռ կարող ես…

Փշատիին ծաղիկը։ Հակոբ Մնձուրի

Մնձուրին իրեն բնորոշ քնքշությամբ ներկայացնում է սիրահար զույգի սիրունագույն պատմություն՝ համեմված զգացմունքայնությամբ: Հայ գրողներից շատերն են անդրադարձել ընդունված բարքերին կուլ գնացած հարաբերություններին, երբ զույգը ստիպված է եղել գաղտնի հանդիպել, կամ՝ անգամ չհանդիպել, չճանաչելով կողակցին՝ ամուսնանալ, քարկոծվել և անգամ բռնության ենթարկվել ամենամաքուր զգացմունքին ազատություն տալու համար: Իսկ որքանո՞վ են ընդունելի նման բարքերը և արդյո՞ք ամեն բան շատ ավելի անարատ էր այս ժամանակաշրջանում, արդյո՞ք մարդիկ երջանիկ էին, որդյո՞ք ,,պատիվն ու արժանապատվությունն,, այս կերպ կարելի էր պահել: Միշտ եղել եմ այն կարծիքի, որ մարդկանց զրկելով ազատությունից, ավելի են դրդում ձգտել դեպի արգելվածը:

Ցավոք, մինչ օրս էլ որոշ շրջաններում պահպանվում են այս բարքերը, իմ կողմից անընդունելի բարքերը, երբ, մանավանդ, կինն ի՛նքը չի որոշում ապրելակերպ, այլ՝ ծնողները, եղբայրը, հարևանները, բարեկամներն ու հասարակությունը: Բոլորն իր կյանքի ու ապրելակերպի համար ընտրություն կարող են անել, բացի հենց իրենից:

Երնե՜կ այն օրերուն: Համաստեղ

Այս պատմվածքը կարդացի՝ հուզմունքը կոկորդիս սեղմած: Տարավ մանկություն, այն ժամանակ էլ արցունքն աչքերիս էի կարդում:

Երկու հարևանների չընդհատվող վեճ ու տարեց մարդկանց սիրուն զգացմունք՝ հասարակության կարծիքի զոհ: Գրողն ամենաանուշ մաքրությամբ է ներկայացնում դրացիների կռիվները, որոնք բնորոշ են իրական գյուղական կյանքին: Քանի՜ հոգու հիշեցի, որ բախչի ցանածը տրորած հավի համար վիճում էին, կես ժամ հետո գնդերն առնում, գնում հաց թխելու: Մանկությունս աղմկելով անցավ դիմացովս, երնեկ այն օրերուն…

Ցավն անտանելի է, երբ գիտակցում ես՝ նորից նույնն ենք ապրում. տան դռները փակող մարդիկ՝ բանալիներն ամուր պահած, հույսով, որ հետ են դառնալու…Անկրելի իրականություն. կարդում ես Համաստեղ, որտեղ ապրում է այսօրը…

Քաղաքն, ուր ոչ ոք չէր իջնում։ Ռեյ Բրեդբերի 

Անասելի հետաքրքիր մատուցում: Առաջին անգամ էի լարված խաղաության զգացումով: Շատ անգամ կարդում ես պատմվածքն ու գուշակում ընթացքն էլ, վերջաբանն էլ: Այս դեպքում հեղինակը հնարավորություն էր տվել երևակայելու, մինչ հերոսի թափառումների հանգուցալուծումը՝ լինելու քաղաքում, պատկերացնելու՝ ինչ կգտնի, կբացահայտի, մեկ էլ…անսպասելի շրջադարձ:

Լարված, ջղաձգված կարդում էի: Հույզերի պոռթկում, մարդկային սպասումի, տարիներով բեռած հոգսն ու բարկությունը, անզորությունն ու ատելությունը թոթափելու ցանկություն, ինչն ունենում ենք բոլորս և որն իրականացնելու քաջություն չենք ունենում շատերս: Իսկ խաղաղվու՞մ են արդյոք համարձակները՝ ինչ-որ մեկին կյանքից զրկելուց հետո…

Դուռը

Սիրադեղյանական խորությամբ պատմվածքն էլի ու նորից մտորելու առիթ է կյանքի, ապրած ու չապրած օրերի, պահերի մասին: Վանոն հոգու ընկեր է, որովհետև չկա մեկը, որն իր մտքերում գոնե չի անդրադառնում այն ամենին, ինչ մատուցում է էս իմաստուն ընկերը:

Հաճախ եմ մտածում՝ սովորություն ունենք չէ՞ միշտ անցյալին երանի տալու: Հա՛, ոնց գրողն է ասում. ՙՙ…Ինչպես քո դառը, քո դժվար, չքնաղ մանկությունը կուզենաս վերապրել…՚՚, միշտ ուզում ենք հետ գնալ մանկություն: Շատ անգամ մերոնք ասում են. ՙՙՄութ ու ցուրտ տարիներ էին, բայց երջանիկ, անհոգ էինք մի տեսակ՚՚: Միշտ հակադրվում եմ. ՙՙԱնցել է, հաղթահարել եք դժվարությունն ու մոռացել՝ ինչ կերպ, հաստատ հեշտ չի եղել, հիշողությունը քաղցրանալու սովորություն ունի: Իսկ մտածե՞լ եք, որ վաղն էլ այսօրն ա հիշողություն դառնալու, սրան ենք երանի տալու, ախր էս հիմա կա, ապրեք, վայելեք, գնահատեք էն, ինչ ունեք, ինչու՞ միշտ անցյալ: ՚՚

Ինքս ամեն օր ընտրում եմ ապրել այսօր, փորձել լինել երջանիկ՝ էլի այսօր: Չգիտես՝ որ պահից սկսած էլ այսօր չի լինի ու երջանիկ լինելու ժամանակ չես ունենա…

Գառ-ախպերիկ։ Վանո Սիրադեղյան

Վանո Սիրադեղյան գրողին մոտ 5 տարի է, ինչ բացահայտել եմ, ի՞նչ թաքցնեմ մեղքս: Հիշում եմ՝ ՙՙԱյ իմ գնդակ՚՚-ն էի երգում քրոջս բալիկի համար, հայս ասաց՝ Վանոն է գրել: Զարմացա, դե անունը լսել էի՝ որպես քաղաքական գործիչ: Այդքանով սահմանափակվեցինք…

Օրերից մի օր կարդացի ստեղծագործություն, որի հեղինակին չգիտեի, պարզեցի՝ Վանոն է, անակնկալի եկա: Հետո մեղավորներ էի փնտրում. ինչու՞ դասագրքերում չկան նրա՝ տարբերվող մտածողությամբ, յուրահատուկ-պարզ մատուցմամբ, ճաշակ թելադրող ստեղծագործությունները: Ինչու՞ նաև ուսանող տարիներին ոչ ոք չի ծանոթացրել: Ինչևէ, դարձավ ամենասիրելի հեղինակներից՝ սրտակից ու հավատարիմ:

Читать далее

Թափանցիկ շշեր: Արամ Պաչյան

Շշերի պես դատարկված հոգով՝ մի քանի րոպե նստած մնացի ընթերցելուց հետո: Ծանր էր: Ծանր ստեղծագործություններն իմը չեն. դրանք հոգի մաշելու սովորություն ունեն, ներծծվում են արյանս մեջ ու դուրս չեն գալիս գլխիցս : Խուսափում եմ, բայց կարդացի մինչև վերջ, որովհետև անհաղթահարելի խնդրի, կենդանի տեսարանների, գդալի շխկշխկոցի ու հաբի ազդեցության հետևանքների, գլխից հոսող արյան ու երեխայի ապրումների մեջ հաղթող մի բան կար, լուսավոր մի կետ՝ սերը: Մի պահ դադար առա, չէի ուզում շարունակել, ընդամենը կարդալ տողեր ու ապրել հերոսների հետ, նրանց պատմությամբ, իսկ շատերն ապրում են այս իրականության մեջ ու ամեն օր, ամեն ժամ…Սիրո ու հավատարմության ուժը… Հետը վազում էի, որովհետև հայրիկը սպասում էր…

Ես չգիտեմ՝ ինչ են զգում ընտանիքում, որտեղ մեկն անընդհատ խմում է, բայց գիտեմ՝ ինչքան պետք է սիրես մարդուն, որ գերադասես մահը նրա համար, երբ փրկություն է…