Դպրոցական յոթ առարկա։ Ջոն Գատո, 5,6,7-րդ մասեր

Հինգերորդը, որը տալիս եմ երեխաներին, մտավոր կախվածության դասն է:

Այս կետը թերևս միակն էր, որ հակասական ու իրարամերժ մտքերի առիթ դարձավ: Այո՛, մի կողմից դպրոցը, կարգերը, այդ կարգերով առաջնորդվող ուսուցիչն է որոշում՝ ինչ սովորեցնել, ինչը կարևորել, ինչը՝ ոչ: Սրա արդյունքում ձևավորվում է միշտ հրահանգի սպասող անհատ, բայց մյուս կողմից ուղղորդում պետք է, վերջապես ամբողջությամբ չես կարող կտրվել այն աշխարհից, որի մասնիկն ես, այն աշխարհից, որն ամեն վայրկյան փոփոխվում է ու ստիպում քայլել իր տեմպով: Ի՞նչ կլինի, եթե մեզնից յուրքանչյուրը որոշի, որ լավագույն բժիշկն ինքն է ու չդիմի մասնագետի, որ լավագույն հոգեբանն ինքն է, լավագույն գիտնականն ինքն է, ամենաճիշտ վարքն իրենն է… Ազատ մտածողության, ազատ ընտրության կողմնակից լինելով կարծում եմ, որ սահմաններ պետք են. ազատությունն ամենաթողության վերածվել չի կարող:

6-րդ առարկա` ինքնագնահատականի կախվածություն շրջապատի կարծիքից:

Այս կետն ինձ համար ամենացավոտն է: Երբեք չեմ ընդունել գնահատականը: Ի՞նչ իրավունքով ես կարող եմ ,,դատել,, որևէ մեկին, որոկավորել՝ ինչ է կարող, ինչ՝ ոչ, դասակարգել… Ինչու՞ պետք է նոր ձևավորվող մարդն անընդհատ սպասի, թե ինչ գնահատականի կարժանանա շրջապատի կողմից, կախված լինի կարծիքներից, միտքը պտտվի ինչ-որ թվերի շուրջ, որոնց բաղձալի ձեռքբերումը կլինի երջանկության վերջնակետը, երբ այնքա~ն կարևոր մանրուքներ կան վայելելու, դրանցով երջանկանալու, բացահայտելու ու դրանով հրճվելու: Կրթական համակարգը , գոնե այս մասով, պետք է վաղու~ց փոփոխված լիներ:

7-րդ առարկա` ամբողջական վերահսկում, կամ  թաքնվելն անհնար է:

,,Մշտական հսկողությունը և անձնական տարածության ու ժամանակի իրավունքի բացառումը նշանակում են ընդունել այն փաստը, որ ոչ մեկին վստահել չի կարելի:  Երեխաների անձնական կյանքը փաստորեն դառնում է անօրինական մի բան,, :

Ես շնորհակալ եմ իմ ընտրած մանկավարժությանը՝ նոր մտածողության ձևավորման համար: Այո, ժամանակին տնային աշխատանքն ինձ համար կարևոր հանձնարարական է եղել ու մեծ պատասխանատվությամբ կատարել եմ, մտածելով՝ այդպես էլ պետք է լինի, դա իմ ՊԱՐՏՔՆ Է: Ու պարտքի բեռան տակ կորցրել եմ այն անգտնելին ու անգնահատելին՝ ժամանակը, որը երբեք չէր բավականացնում սիրելի, ինձ համար կարևոր բանով զբաղվելուն: Ես ինձ իրավունք չեմ վերապահի երբևէ՝ խլել սովորողից նույն անգտնելին ու ամենաթանկը:

Оставьте комментарий