Մանկավարժական ինվարիանտներ

  1. Երեխայի բնույթը ճիշտ այնպիսին է, ինչպիսին մեծինն է։

Յուրաաքանչյուրն անհատականություն է, լինի մեծ, թե փոքր, հետևաբար երեխային պետք է ընկալել՝ որպես քեզ նման մարդու:

2.Մարդու բարձր հասակն ամենևին շրջապատի նկատմամբ նրա առավելության մասին չի վկայում։

Ես այս միտքն ուզում եմ ընկալել՝ որպես փոխաբերություն: ,,Բարձր հասակն,, ամեն պարագայում չի կարող շրջապատի նկատմամբ առավելություն լինել:

3.Դպրոցում երեխայի վարքը կախված է նրա հոգեկան խառնվածքից և առողջական վիճակից։

Երեխայի վարքը պայմանավորված է այս երկու կարևորագույն և հիմնական կետերից, բայց հիմնվել միայն սրանց վրա, կարծում եմ՝ ճիշտ չէ: Կարևոր է նաև միջավայրը, իր հանդեպ զգացած վերաբերմունքը. դրանցից կախված՝ կարող է լինել վարքային փոփոխություն:

4.Ոչ ոք (ո՛չ երեխան, ո՛չ մեծահասակը) չի սիրում, որ իրեն հրամայում են։

Այս տարիքում էլ, երբ ինչ-որ բան ասվում է հրամայական տոնով, անկախ քեզնից ընդդիմանում ես: Երեխայի դեպքում է՛լ ավելի արտահայտված է այս դրսևորումը:

5.Ոչ ոք չի սիրում ըստ հրամանի շարք կանգնել, որովհետև դա նշանակում է կրավորաբար ուրիշի հրամանին ենթարկվել։

Վերևի կետում արդեն նշեցի, որ ցանկացած հրաման բերում է ընդդիմության: Հասկանում ես, որ դիմացիդ փորձում է ճնշել ու ենթարկել քեզ՝ իրեն:

6.Մահակի սպառնալիքով աշխատել մարդը չի սիրում, անգամ եթե աշխատանքն ինքնին տհաճ չէ. հենց հարկադրելն է դիմադրություն առաջացնում։

Այո, սիրելի աշխատանքն էլ կարող է դառնալ ամենատհաճը, երբ գլխավերևում ինչ-որ մեկը փորձում է սպառնալիքով ու վախի մթնոլորտի ստեղծմամբ վերահսկել այն, ինչ պատրաստվում էիր անել մեծ սիրով ու նվիրվածությամբ:

7. Յուրաքանչյուր մարդ գերադասում է ինքն ընտրել իր աշխատանքը, նույնիսկ եթե այդ ընտրությունն իրեն ձեռնտու չէ։

Երբ երեխայի հետ մտնում ես խանութ, նրան գրեթե միշտ քեզ համար անհասկանալի ինչ-որ իր է հետաքրքրում: Դու գիտակցում ես, որ դա իրեն պետք չէ, բայց պնդելդ արդյունք չի տալու: ,,Այ, սրա փոխարեն կարող ենք ավելի լավ բան գնել,, առաջարկդ գուցե և ընդունվի, բայց ոգևորությունն այլևս այն չի լինելու: Իսկ ու՞մ էր պետք քո գնած պիտանի իրը, որը երեխան չի էլ օգտագործելու: Սովորողը պետք է ունենա աշխատանքի ընտրության հնարավորություն:

8. Ոչ ոք չի սիրում աշխատանք անելու աննպատակ գործառույթ իրականացնել, այսինքն՝ անել գործողություններ և ենթարկվել մտահղացումների, որոնք իրեն օտար են ու անհասկանալի։

Իհարկե, ու՞մ է հետաքրքիր անել մի բան, ինչն օտար է իրեն: Սովորողը պետք է ինքն ուսումնասիրի , պրպտի, բացահայտի, ընտրի նյութն ու գործողությունների շարքը, որպեսեզի կատարած աշխատանքն լինի սիրելի, արդյունքը՝ սպասված:

9. Պետք է հասնել նրան, որ աշխատանքը դառնա մոտիվացված։

Եթե աշխատանքը մոտիվացված չէ, դառնում է աննպատակ գործողությունների շարք և պարզապես մեխանիկական աշխատանք, ինչը ոչինչ չի տալու սովորողին:

10. Անհրաժեշտ է վերջ տալ սխոլաստիկային։

Մանկավարժի կարևորագույն խնդիրը կայանում է նրանում, որ հնարավորինս թույլ տա նոր ձևավորվող անհատին ինքնուրույն կայանալ՝ բացահայտելով իր ներուժը, թույլ տա ինքնուրույն հասնել լուծումների, որ կյանքի մարտահրավերներն էլ հետագայում հաղթահարելի լինեն: Հետևաբար՝ անիմաստ է կաղապարված համակարգը, որը չի օգնելու ձևավորել աշխարհայացք, որը հրամայական է լինելու մեխանիկական աշխատանքի:

11.Յուրաքանչյուր մարդ ձգտում է հաջողության։ Անհաջողությունն արգելակում է աշխատանքը և զրկում ոգևորությունից։

Մեզնից յուրաքանչյուրն էլ եղել է աշակերտ ու, վստահաբար, պատահել են դեպքեր, երբ ակնկալել ենք գովեստի խոսքեր՝ փոխարենը հանդիպելով հակառակ եզրույթի: Ես հիշում եմ իմ հիասթափությունները: Ուսուցչուհիս մեկնաբանում էր, թե կարող եմ ավելին, այդ կերպ մոտիվացնում է, իսկ ես չէի էլ համարձակվում ասել, որ ոգևորության ու թևերի կարիք ունեմ ընդամենը: Մի դրական խոսքն ամենալավ մոտիվացիան է… Պետք է նպաստել սովորողների հաջողությանը, հավատալ ու օգնել, որ իրենք հավատան սեփական ուժերին

12. Ոչ թե խաղը, այլ աշխատանքն է երեխայի բնական զբաղմունքը։

Խանութներում կարելի է միլիոնավոր խաղալիքներ, ուսումնական նյութեր գտնել՝ գունեղ, հետաքրքիր, բայց ի՜նչ ոգևորություն է տիրում դասարանում, երբ ստեղծում ենք ինքնաշեն խաղեր, որոնք հետագայում ծառայելու են՝ որպես ուսումնական գործիք: Ի՜նչ ոգևորությամբ են պատրաստում շրխկաններ ու գործածում, որովհետև իրենք ունեն ներդրում՝ դրանց ստեծման մեջ… Իսկապես՝ խաղն էլ պետք է լինի աշխատանքով:

13. Ո՛չ հսկումն է գիտելիքների յուրացման առավել արդյունավետ ճանապարհ, ո՛չ բացատրությունը և ո՛չ ցուցադրությունը, որ ավանդական դպրոցի հիմնական գործելաձևերն են կազմում, այլ փորձարարական որոնումը` իմացության համակողմանի և բնական մեթոդը։

Գիտելիք ասվածը եկեք չընկալենք՝ որպես առարկայական տեղեկությունների սերտում, գիտելիքը գլոբալ հասկացություն է. այն, ինչ կիրառելի է իրական կյանքում: Իսկ կյանքի համար կարևորագույնի ձեռքբերման ճանապարհն անվերջ պրպտումն ու սեփական փորձն է:

14.Հիշողությունը, որին դպրոցն այնքան մեծ կարևորություն է տալիս, մեծ արժեք ունի այն դեպքում, եթե միացած է փորձարարական որոնման գործընթացին։

Մարդը հիշում է այն, ինչ կիրառում է: Սա իմ համոզմունքն է: Ստիպողաբար անգիր անել տարեթվեր, ստեղծագործություններ, որոնք մեծ հաշվով քեզ ոչինչ չեն տալու և մտածել, թե այդ կերպ զարգացնում ես հիշողությունդ, իսկապես անհասկանալի է:

15.Գիտելիքները ձեռք են բերվում փորձի ճանապարհով, այլ ոչ թե, ինչպես հաճախ մտածում են, օրենքների և կանոնների ուսումնասիրությամբ։

13-րդ կետում անդրադարձել եմ այս ձևակերպմանը:

16.Հակառակ սխոլաստիկայի դրույթներին` մտածողությունը մտածելու՝ ոչ թե կարծես մեկուսի և փակ շրջանում անջատ գործող, այլ մարդու մյուս հատկությունների հետ սերտ համագործակցող կարողությունն է։

Մեզնից ոչ ոք իրականում չգիտի իր հնարավորությունների չափը և օգտագործում է պոտենցիալի չնչին մասը միայն: Եթե մեկը թերանում է ինչ-որ կոնկրետ առարկայից, դա չի նշանակում, թե չունի մտածողություն, դա նշանակում է՝ պետք է բացահայտել նրա մյուս կարողությունները:

17. Ավանդական դպրոցը զարգացնում է իրական կյանքի պահանջներից հեռու, վերացական մտածողության ունակություններ։

Ավանդական դպրոցում ստանում ենք առարկայական գիտելիքներ՝ մեկը մյուսին չկապակցվող, իրարից տարբեր, երբեմն՝ իրարամերժ: Ինֆորմացիոն կծիկ, որը սիրուն երանգ ունի, կուզես՝ ինչ որ բան գործել դրանով, բայց ի՞նչ՝ չգիտես: Տարիների հետ երանգն էլ է խամրում, դնում ես պահոցում ու…վերջ: Կյանքի առաջ դու ես՝ ձեռնունայն ու մխիթարանքը, թե պահոցում ,,հետ գցած,, սիրուն կծիկ ունես:

18.Երեխան չի սիրում ex cathedra (լատ.՝ Ex cathedra (էքս կատեդրա)` ամբիոնից) պաշտոնական դիրքից, հեղինակության ուժով բացատրություններ լսել։

Երեխային պետք է հնարավորություն տալ մասնակիցը լինելու, ներառվելու ուսումնական գործընթացին: Երբ պարզապես ասում ես՝ սա այսես է և վերջ, բնականաբար նյութն արդեն իսկ դառնում է հրամայված փաստ, ինչը կորցնում է հետաքրքրությունը:

19. Երեխան այն աշխատանքից չի հոգնում, որն իր գործառնական (ֆունկցիոնալ) կենսական պահանջմունքներին է համապատասխանում։

Մի փոքր համամիտ չեմ այս մտքի հետ, կամ, գուցե նշանակություն ունի նաև երեխայի տարիքը: Բնականաբար հստակ ժամ սահմանելու կարիք չկա, քանի որ դասապրոցեսը կենդանի միջավայրում լրիվ այլ է և դրա բնական ընթացքը չես սահմանափակում դասացուցակի 40 րոպեով, սակայն նույն գործունեության շուրջ աշխատել ժամեր շարունակ 5 տարեկան երեխան չի կարողանա, որքան էլ ընթացքը հետաքրքիր, փոփոխվող լինի: Կարճ ընդհատումներ պետք են, իմ կարծիքով

20. Ոչ ոք` ո՛չ երեխան, ո՛չ մեծերը չեն սիրում հսկողություն և պատիժ, որը հաճախ ընկալվում է որպես արժանապատվության ոտնահարում, մանավանդ, եթե արվում է հրապարակավ։

Սխալների վրա կենտրոնանալն ամենամեծ սխալն է հենց: Պետք է կենտրոնանալ լավ որակների վրա, ոչ թե անվերջ մատնանշել, թե ինչն է ավելի վատ ստացվում: Անընդհատ ֆիքսվելը անհաջողության վրա, հանգեցնում է ցածր ինքնագնահատականի ու անվստահության: Այսպես մենք խաթարում ենք հաջողության հասնելու մոտիվացիան:

21. Առաջադիմությանը գնահատական դնելը և աշակերտներին որակավորելը սկզբունքորեն սխալ են:

Եթե իրականում կարողանայինք ռեալ գնահատականներ տալ սովորողի մտածողության, երևակայության, գործադրած ջանքերի, կարողությունների, հոգեվիճակի և այլնի մասերով, ապա գնահատական դնելը գուցե և արդարացվեր: Բայց սա իրատեսական չէ, հետևաբար՝ այո, սկզբունքորեն սխալ:

22.Պետք է հնարավորինս քիչ խոսել։

Երբ սովորողները ոգևորությամբ աշխատում են, ինչ-որ նոր, հետաքրքիր բան բացահայտում, ուսումնասիրում, իրենց իսկապես չի հետաքրքրում, թե ինչ են խոսում կողքից և դրա կարիքն էլ չկա անգամ: Դժվար թե խոսքով կարողանաս ավելի շատ բան տեղ հասցնել:

23.Երեխան սիրում է անհատական աշխատանք կամ աշխատանք կոլեկտիվում, որտեղ իշխում է համագործակցության ոգին։

Սովորողների հետաքրքրությունները տարբեր են և բոլորին ստիպել անել նույն աշխատանքն ու ակնկալել նույն արդյունքը, իհարկե վատ է: Խմբերով աշխատանքն արդարացված է, երբ արդեն ճանաչում ես սովորողներին, կարող ես առանձնացնել նույնանման ընդունակութուններով, հետաքրքրություններով երեխաներին և տալ համապատասխան առաջադրանք: Այստեղ պահպանվում է անհատական մոտեցումը:

24. Դասարանում անհրաժեշտ է պահպանել կարգ ու կանոն, կարգապահություն։

Երբ ասում ենք բաց, ազատ միջավար, որոշ մարդիկ ընկալում են՝ անել այն, ինչ ուզում ես, ինչպես ուզում ես, երբ ուզում ես և պատկերացնում քաոսային իրավիճակ: Բնականաբար ազատությունը վերաբերում է մտածողությանը, գործունեության ընթացքին, երբ սովորողները գամված չեն նստարանից: Իսկ կարգ ու կանոնը հաստատվում է, երբ բոլորը հետաքրքրված են աշխատանքով:

25.Պատիժը միշտ սխալ է։ Այն ստորացուցիչ է բոլորի համար և երբեք չի հասնում ցանկալի նպատակին։ Դա ամենածայրահեղ միջոցն է։

Սովորողները բնույթով տարբեր են ու տարբեր են ընտանեկան միջավայրները: Երբեմն տան խիստ ռեժիմից հետո տրված ազատության մեջ նրանք կորցնում են ինքնատիրապետումն ու իսկապես կարգ ու կանոնի հասնելու խնդիր է առաջանում: Բայց միանշանակ չես կարող դրան հասնել պատժի միջոցով: Գործ ունես փոքրիկ մարդու հետ, որի ներաշխարհը հասանելի է միայն իրեն և այն վնասելու իրավունք վերապահել ինքդ քեզ՝ ամենամեծ վտանգն է:

26.Դպրոցի նոր կյանքը կառուցվում է համերաշխության սկզբունքով, այսինքն՝ աշակերտներին ուսուցիչների հետ հավասարապես դպրոցի կյանքի և գործունեության ղեկավարման իրավունք է տրվում։

Սովորողները պետք է ներգրավված լինեն դպրոցի կյանքին, պատասխանատու լինեն այն միջավայրի համար, որն իրենցն է: Այսպես նրանք մեծանում են պատասխանատու անհատ, քաղաքացի և կարողանում են ամուր կանգնել ոտքերի վրա:

27. Դասարանի գերխտությունը միշտ էլ մանկավարժական վրիպում է։

Սա իսկապես մեծ խնդիր է, առավել ևս՝ հիմա, երբ դասարաններում կան նաև հատուկ կարիքով երեխաներ և բոլորը պարտադիր պետք է ներգրավված լինեն ուսումնական գործունեությանը՝ իրենց չափով, իրենց ընտրությամբ ու կարողություններին համապատասխան: Մեծ խմբի հետ աշխատել նույն արդյունավետությամբ, ինչպես՝ փոքր, իսկապես անհնար է, եթե մեր նպատակը մեխանիկական աշխատանք կատարելը չէ:

28. Խոշոր դպրոցական համալիրների (կոմբինատների) ժամանակակից հայեցակարգը հանգեցնում է ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների անանունությանը. այդ հայեցակարգը սխալական է և խոչընդոտ մեր նպատակների իրականացման ճանապարհին։

Մի տանիքի տակ շատ դասարաններ չեմ ընդունում:

29.Ապագայում հասարակության ժողովրդավարացումը նախապատրաստվում է դպրոցի ժողովրդավարացմամբ. ավտորիտար դպրոցը չի կարող ժողովրդավարական հասարակության ապագա քաղաքացիներ ձևավորել։

Երբ երեխան սովորում է մանկուց, որ իրեն պետք է իշխեն, պետք է կատարի հրահանգներ, չեն հարցնելու՝ ուզու՞մ է անել այդ բանը, թե ոչ, մեծանալու հետ սա դառնում է կենսակերպ: Արդեն ձևավորված անհատը չի կարողանում ինքնուրույնություն դրսևորել, ուր մնաց՝ լինի պահանջատեր քաղաքացի:

30.Դաստիարակության հիմքում անհատի արժանապատվությունն է։ Ուսուցչի և աշակերտի փոխադարձ հարգանքը դպրոցի նորացման գլխավոր պայմաններից մեկն է։

Սա կարևորագույն պայման է: Փոխադարձ հարգանք՝ առանց կարևորելու տարիքն ու դիրքը, սովորողը մարդ-անհատ է՝ ցանկացած տարիքում:

31.Սոցիալական և քաղաքական ռեակցիաների բաղկացուցիչ մաս կազմող մանկավարժական ռեակցիան հակադրվում է առաջադիմական բարեփոխումներին։

Սա ցավալի կողմերից է: Կարծում եմ՝ կարևորը գիտակցումն է, որ դու անում ես ճիշտ, գիտակցված, հավատալով քո ընտրած մանկավարժությանը: Քննադատներ միշտ են լինում, բայց դրանք հիմնականում մարդիկ են, որոնք պատկերացում անգամ չունեն ծավալվող գործունեության մասին: Յուրաքանչյուրս մեր շրջապատում պետք է ճիշտ մատուցենք ու փոխանցենք իրական դպրոցի մոդելի գաղափարը: Ես այս կետն իրագործում եմ

32. Կյանքի հանդեպ լավատեսական հավատ

Սա միայն մանկավարժության վերաբերյալ չէ, սա միակ թույլատրելի հրամայականն է, որին ուզում եմ ենթարկվել: Լավատես պետք է լինել ՄԻՇՏ;

Оставьте комментарий