Փետրվարի ընթերցարան

Ծիտը 

Ժողովրդական 

Հուռին գնաց բանջարի,
Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծըլվըլալեն դուրս թռավ։
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին։

Ծիտիկի օրոր

Հովհաննես Թումանյան

Կախված է ճյուղքից ճոճը ծիտիկի.
Փըչի՛, հովիկ, փըչի՛,
Ճոճն օրորվի, տանի բերի
Նանի՜, ծիտիկ, նանի՜։
Ծիտիկը անուշ երազ է տեսնում.
Փըչի՛, հովիկ, փըչի՛,
Ճոճն օրորվի, տանի բերի.
Նանի՜, ծիտիկ, նանի՜։
Բայց տես, ծիտիկը քընից չըզարթնի.
Կամա՛ց փըչի, կամա՛ց,
Ճոճն էլ զգույշ տանի բերի,
Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Կռունկներ

Հովհաննես Թումանյան

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

Մարտը

Հովհաննես Թումանյան

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

Էս էն է․․․(հատված)

Հովհաննես Թումանյան

Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը։
Էս էն ցորենն է, որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն մուկն է, որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն կատուն է, որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն շունն է, որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Իրիկուն

Հովհաննես Թումանյան

Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.
«Հերիք է, ասավ,
Գնամ պառկեմ ու քնեմ»։
Տերևը ուրախ սըվսըվում էր, որ կանգ առավ.

«Էս ի՞նչ է, ասավ,
Արևն էլ չի երևում.
Ես էլ պառկեմ ու քնեմ»։
Թռչնակը երգում էր ծառի վրա, հանկարծ լռեց.
«Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Նապաստակը ոստոստում էր թփերի տակ, որ ականջը սրեց.
«Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Որսկանը անտառում որս էր որոնում, կանգնեց.

«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ նապաստակ է վազ տալի,
Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում․

Ես էլ գնամ ու քնեմ»։
Լուսինը ծագեց, ցած նայեց, տեսավ.
«Ի՜նչ լավ է, ասավ,
Ո՛չ որսորդ է ման գալի,
Ո՛չ նապաստակ վազ տալի,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Մենակ ես եմ որ անքուն
Քեֆ եմ անում երկնքում»։

Անհաղթ աքլորը

Հովհաննես Թումանյան

Լինում է, չի լինում՝ մի աքլոր է լինում։ Էս աքլորը քուջուջ անելիս՝ մի ոսկի է գտնում։ Կտուրն է բարձրանում, ձեն տալի․

— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտ՜լ․․․

Թագավորը լսում է, իր նազիր—վեզիրին հրամայում է՝ գնան, խլեն, բերեն։

Նազիր—վեզիրը գնում են, խլում, բերում։

Աքլորը կանչում է․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանով ապրե՜ց․․․

Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր—վեզիրին, ասում է․

— Ետ տարեք, իրեն տվեք, թե չէ՝ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը․․․

Նազիր—վեզիրը ոսկին տանում են, ետ տալի աքլորին։

Աքլորն էլի կտուրն է բարձրանում․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանից վախե՜ց․․․

Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է․

— Գնացե՛ք,— ասում է,— բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք, ուտեմ, պրծնեմ ղրանից։

Նազիր—վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՜լ․․․

Տանում են, մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի․ — Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք-տաք բաղնիք է ղրկե՜լ․․․

Եփում են, բերում թագավորի առաջն են դնում, կանչում է․

— Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ․․․

Թագավորը շտապով վերցնում է, կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է․

— Նեղ—նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՜ւ․․․

Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր վեզիրին հրամայում է՝ թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի, զարկեն։

Նազիր—վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են, մինը՝ էս կողմը, մյուսը՝ էն։

Աքլորը, որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի․

— Լուս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ․․․

— Զարկեցե՛ք․․․— հրամայում է թագավորը։

Նազիր—վեզիրը զարկում են, տալիս են, թագավորի փորը պատռում։

Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում, ձեն տալի․

— Ծուղրուղո՜ւ․․․

Բարեկենդանը

Հովհաննես Թումանյան

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։

Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

Կնիկը բարկանում է․

— Ա՛յ, որ ասում, եմ հիմար ես, չես հավատում․ էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել․ հորդ քելեխն ես տալի՞ս, թե՞ տղիղ հարսանիքն ես անում։

— Ի՜նչ քելեխ, ի՜նչ հարսանիք, ա՛յ կնիկ, ի՜նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի, համար է։

Կնիկը հանգստանում է, տանում է պահում։

Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում, է՝ մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Զեռը դնում է ճակատին ու ձեն տալի․

— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։

Տղեն կանգնում է։

— Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։

— Հա՛, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։

— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․  — Դե էլ ինչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տանն էի ման գալիս, չէ՛ի գտնում։

— Դե արի տար։

Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։

Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է․

— Հա՛, էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի, տարավ։

— Ի՞նչ բարեկենդան․․․ ի՞նչ բաներ․․․

— Ա՛յ էն եղն ու բրինձը․․․․ Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է․ մեր տանն էր ման գալի․ կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակ<ը> տվի, տարավ։

— Վա՛յ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ՝ հիմար ես, հիմար ես, էլի․․․ Ո՞ր կողմը գնաց։

— Ա՛յ էն կողմը։

Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։ Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։

Գալիս է, հասնում իրեն։

— Բարի օր, ախպերացու։

— Աստծու բարին։

— Հո էս ճամփովը մարդ չի անց կացավ։

— Անց կացավ։

— Ի՞նչ ուներ շալակին։

— Եղ ու բրինձ։

— Հա՛, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։

— Բավականին ժամանակ կլինի։

— Որ ձին քշեմ, կհասնե՞մ։

— Ո՞րտեղից կհասնես, դու՝ ձիով, նա՝ ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։

— Բա ի՞նչպես անեմ։

— Ի՞նչպես պետք է անես, ուզում ես՝ ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։ — Հա՜, էդ լավ ես ասում։

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում Է թե չէ՝ բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։

Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է՝ չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը՝ եղ ու բրինձի համար, կնիկը՝ ձիու։

Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում՝ հիմար, նա՝ սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։

Սուտասանը

Հովհաննես Թումանյան

Լինում է, չի լինում՝ մի թագավոր։ Էս թագավորը իր երկրում հայտնում է․
— Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան։

Գալիս է մի հովիվ։ Ասում է․

— Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։

— Կպատահի՛,— պատասխանում է թագավորը։ — Իմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։

Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։

Գալիս է մի դերձակ։ Ասում է․

— Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։

— Հա՛, լավ ես արել,— ասում է թագավորը,— բայց լավ չէիր կարկատել, էս առավոտ էլ մի քիչ անձրև թափվեց։

Սա էլ է դուրս գնում։

Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։

— Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,– հարցնում է թագավորը։ — Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։

— Մի կոտ ոսկի՞– զարմանում է թագավորը։ — Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։

— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։

— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,― խոսքը փոխում է թագավորը։

— Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։

Լուսաբացին

Հովհաննես Թումանյան

— Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին։

Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.
Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։

Ծաղիկներ

Հովհաննես Թումանյան

– Ո՞ւր գնացին ծաղիկները…
– Սո՛ւս, քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն ծածկոցով սպիտակ։
Կգա գարնան արևն էլ հետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն ծածկոցը կտանի։
«Ելե՛ք, – կասի, – ի՛մ մանուկներ», –
Ու երբ նրանք իմանան,
Դուրս կհանեն գլխիկները,
Աչիկները կբանան։

Оставьте комментарий